Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Սա հա՛յն է անողը

Սա հա՛յն է անողը
12.10.2012 | 11:31

Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը, ինչպես հայտնի է, նվաճել է Ռուսաստանը: Սա, միամիտ չլինենք, հետևանք չէր դեպի արևելք ծավալվելու ՖԻՖԱ-ի որդեգրած քաղաքականությանը միայն կամ մյուսների համեմատ ռուսների ավելի հետաքրքիր ծրագիր ներկայացրած լինելուն (այս մասին, ի դեպ, միաբերան բարձրաձայնում են համաշխարհային ֆուտբոլի բոսերը` խոստովանելով, որ, ի դեմս հանրությանը ներկայացվելիք մարզադաշտերի, այս երկիրն արվեստի իսկական գլուխգործոցներ է կառուցում): Աշխարհը (տվյալ պարագայում նկատի ունենք հանգուցային կառույցների ու օղակների գլխին կանգնածներին, այդ օղակներին մերձ շրջաններին) վաղուց առաջնորդվում է այլ հետաքրքրություններով, և նման հարցեր լուծելուց առաջ նախ պիտի բավարարվեն ստվերային բնույթի բազում ուրիշ շահագրգռություններ: Այդ ո՞վ է ուղտի ականջում քնածը` չհասկանալու համար, որ «Դու` ինձ, ես` քեզ» սկզբունքը վաղո՜ւց կյանքի նորմա է դարձել «սրբերի» դաս անցածների կենսակերպում, վարքագրությունում: Վկան` ժամանակ առ ժամանակ պայթող, վառ ընդգծված կրիմինալի երանգ ունեցող սկանդալային զանազան պատմությունները, որոնք պատվերով կամ անպատվեր (նայած նպատակահարմարությանը, ժամանակի հովերին) մերթ ջրի երես են լողում, մերթ կրկին անցնում հատակ:

Ինչևէ: Բավարարվենք այս «շոշափումով» ու անցնենք առաջ:
Ռուսաստանն իսկապես ոչինչ չի խնայում ապագա առաջնության համար, որի մոտավոր բյուջեն շուրջ 600 միլիարդ ռուսական ռուբլի է (ուղիղ կեսը պետական հատկացում է, մնացածը ծանրացել է մասնավորի ուսերին)` իսկապես ֆանտաստիկ թիվ: Առաջնությունն անցկացվելու է տասնմեկ քաղաքում: Դրանցից տասն արդեն իսկ հայտնի են: Պարզություն չկա միայն Կալինինգրադ-Սամարա «զույգի» պարագայում, դա էլ օրերի հարց է: Հայտնի է նաև, որ թեկնածու քաղաքներից դուրս մնաց Կրասնոդարը: Ռուսական սպորտի ֆունկցիոներները դա բացատրեցին առավել շատ տարածաշրջաններ ներգրավելու հանգամանքով, իսկ Կրասնոդարի երկրամասը, Կրասնոդար քաղաքից զատ, հայտնի ցուցակում ուներ նաև հարավային մայրաքաղաք Սոչի, որը նաև 2014 թվականի ձմեռային օլիմպիադայի մայրաքաղաքն է: Պարզ էր, որ, հօգուտ «ինչ-որ» Կրասնոդարի, ռուսներն աշխարհի առաջ Սոչիի ևս մեկ «ռասկրուտկայից» չէին հրաժարվելու ու չհրաժարվեցին: Այստեղ ևս մեկ անգամ ասենք` «ինչևէ», մանավանդ որ մատի ու մատանու արանքը խառնվելը մեր գործ չէ (մեր դարդն ու ցավն էլ մեզ բավական են): Իրենք են ու իրենց «սարերը», ինչ ուզում են, թող անեն:
Սակայն այս պատմության մեջ մեզ համար ոչ պակաս, եթե չասենք առավել հետաքրքրականը Կրասնոդարի «Կուբան» ֆուտբոլային ակումբային տերերից մեկի` հայազգի գործարար Օլեգ Մկրտչյանի պարագան է, մարդ, ով չափազանց ամբիցիոզ ծրագրեր ունի երկրամասի մայրաքաղաքի թիմի հետ կապված և ով այնքան էլ լավ չի զգացել վերևինների ընտրությունից ու, ուզում եք «վրեժխնդրություն» համարեք, ուզում եք` վիրավորված արժանապատվություն, ուզում եք` այլ բան, ձեռնամուխ է եղել ակումբի համար նոր մարզադաշտ կառուցելու ծրագրին:
Լսենք այդ կառույցի անհրաժեշտության մասին նրա հիմնավորումը. «Այս մարզադաշտն աշխարհի առաջնության համար չէ: Այս քաղաքը` մեր քաղաքը, երեք տարվա ընթացքում պարտավոր է լինել Եվրոպայի լիգայում, իսկ հինգ տարվա կտրվածքով խնդիր ենք դնում խաղալու Չեմպիոնների լիգայում: Ես վստահ եմ, որ մենք միասին կհասնենք այդ նպատակին: Աշխարհի առաջնությունն ընդամենը երեք խաղ է (նկատի ունի Կրասնոդարում անցկացվելիք խաղերի թիվը, եթե քաղաքն անցներ մրցակցությունը- Մ. Հ.), բայց չէ՞ որ մենք չպետք է ապրենք միայն հանուն դրանց: Պետք է նոր մարզադաշտ կառուցենք հանուն այն քսանհինգ-երեսուն խաղերի, որոնք այստեղ խաղալու ենք յուրաքանչյուր մրցաշրջան: Մարզադաշտը կկառուցվի ամենաժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան: Այն նախագծում են նույն մասնագետները, ովքեր ստեղծել են Լիվերպուլի մարզադաշտը: ՈՒթ-ինն ամիս կտևի փորձաքննության անցկացումը, իսկ հաջորդ տարվա ամռան վերջին կնախապատրաստվենք, կհամախմբենք մարդկանց և կսկսենք շինարարությունը: Կառուցման համար նախատեսում ենք ոչ ավելի, քան երեք տարի»:
Կայֆ է, չէ՞ (ընթերցողից ներողություններս ժամանակին Հայաստանում լայն տարածում գտած այս անմեղ ժարգոնային արտահայտության գործածության համար), բայց, դե, իսկապես կայֆ է մեր «Հրազդան» մարզադաշտի շուրջ եղած ոչ հեռավոր զարգացումների ֆոնի վրա, երբ իբր թե բարձրակարգ մասնագետներ բերեցին ժամանակակից որակներին չհամապատասխանող խոտածածկը փոխելու համար ու այդ փոխված խոտածածկը նորից փոխեցին (խնդրեմ` փողերի անտնտեսվար օգտագործման ձև), երբ, մարզադաշտի անվտանգությունից ելնելով, փորձում էին յարուսը «քաղել», ու հանկարծ պարզվեց, որ այն կարելի է ամրացնել (գին բարձրացնելու` ոչ միայն շինարարության, այլև անձի, ի՜նչ հրաշալի օրինակ), երբ ամբողջ աշխարհը մարզադաշտերի մոտից հանում է «յարմրկաները», մերոնք դրանք ընդլայնելու խնդիրներով են մտահոգված` իբր թե բնակչության համար աշխատատեղեր չկորցնելու մղումով և այլն, և այլն ու, ինչ-որ փուլից բուռն բողոքողն ու բողոքվողը համաձայնության են գալիս` հանուն հայկական սպորտի զարգացման, ու միամիտ հայ հասարակությունը հիացք-ապշանքից քար է կտրում «ազնվածինների» առողջ գրգիռներից: Ի դեպ, որքան էլ հաջորդ ասելիքս բնավ միջանկյալ չէ, այդուհանդերձ միջանկյալի որակ հագցնենք ու ասենք, որ այդ նույն հայկական սպորտի զարգացման առողջ գրգիռներով են պայմանավորված այսօր կայանալիք Հայաստան-Իտալիա խաղի տոմսերի սահմանված բարձր գները (մինչև այժմ Հանրապետական մարզադաշտում կայացած միջազգային խաղերը հո այս որակի չէի՞ն, կամ Հանրապետական մարզադաշտը հո «Հրազդանի» որակի չէ՞): Պարզապես թրաշող տղերքի ձեռքը թրաշելու բան է ընկել, բա չթրաշե՞ն, մանավանդ որ էս կատաղած ժողովուրդն էլ, թարսի ընկած, առաջինը սպառել է տասը հազար արժողությամբ տոմսերը (իրենք են ասում):
Մի խոսքով` կայֆ է, ու վերջ: ՈՒ այս հենքի վրա, պատկերացրեք, միամիտ, փողից բան չհասկացող, դրանք «դարմայեդությամբ» կուտակած մի ինչ-որ Օլեգ Մկրտչյան, ով, բավական չէ` հարազատ պապից մարզադաշտ ժառանգություն չի ստացել, բավական չէ` հնով չի գոհանում, դեռ զրոյից նորն է ուզում ստեղծել:
Այստեղ են ասել` ա՜յ քեզ փորձանք:

Իսկապես` որքա՜ն տարբեր դրսևորումներ ունեն պատվի մասին պատկերացումները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Հ. Գ.- Ընթերցողի մեջ կարող է հարց առաջանալ` եթե սարքող է, ինչո՞ւ սեփական հողի վրա չի սարքում:
Գիտե՞ք` շատ հետաքրքիր հարց է: Իմ մեջ էլ հարց առաջացավ` իսկապես, ինչո՞ւ սեփական հողի վրա չի սարքում:
Հը՞:
Շտիռլիցի մասին կինոնկարում («Գարնան տասնյոթ ակնթարթ») մի շատ հետաքրքիր ֆրազ կար` «информация к размышлению».
Գնացեք` մտածեք:

Դիտվել է՝ 3325

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ